• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Նորություններ

Հայաստանի FAST գիտատեխնոլոգիական հիմնադրամի նոր գրասենյակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի տարածքում

Հոկտեմբերի 28-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանում (ԵրՄՄԳ) տեղի ունեցավ Հայաստանի FAST գիտատեխնոլոգիական հիմնադրամի նոր գլխավոր գրասենյակի բացումը: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին հիմնադրամի համահիմնադիրներ, հայտնի ձեռներեցներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ԵրՄՄԳ տնօրեն Արսեն Թառոյանը, ինչպես նաև Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Համահիմնադիր, FAST հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, ելույթ ունենալով բացման արարողությանը, նշեց, որ գլխավոր գրասենյակներից մեկի գործունեությունը Մերգելյանի տարածքում շատ խորհրդանշական է, քանի որ խորհրդային ժամանակների արժեքներն ու գաղափարները 21-րդ դարի ծրագրերի հետ միավորելու հնարավորություն է ընձեռում։

FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն իր հերթին նշեց, որ կազմակերպության գլխավոր գրասենյակը ոչ թե ուղղակի գրասենյակ է, այլ ստեղծագործական գործունեության ճամբար` ևս կարևորելով գրասենյակի Մերգելյանում գտնվելու փաստը։

FAST-ը գործարկվել է 2016թ. և նպատակ ունի ստեղծել բարենպաստ էկոհամակարգ՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս նորարարությունների խթանման և գիտական առաջընթացի համար։ FAST-ը մտադիր է կենտրոնացնել և միավորել հայկական ու միջազգային գիտական հանրության ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսները։

Միջոցառման շրջանակներում ԵրՄՄԳ տարածքում կայացավ նաև ծառերի տնկման արարողություն։