• (+374 10) 22 65 02
  • ermmg@mail.ru

Նորություններ

«ArmHiTec 2018» սպառազինության ԵՎ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային 2-րդ ցուցահանդես

Երևանի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում մարտի 29-31-ը կայացավ «ArmHiTec 2018» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային 2-րդ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի նպատակն էր ցուցադրել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները և երկխոսության արդյունավետ հարթակ դառնալ մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցության հետագա ընդլայնումը:

«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 մ2 տարածքի վրա ցուցադրվեցին սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ և այլն:

Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցություն ունեցան 30 հայկական և ավելի քան 30 արտասահմանյան կազմակերպություններ 14 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Խորվաթիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բելոռուսից, Բուլղարիայից և այլն:

Ցուցահանդեսին և գործարար միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանել էին ավելի քան 10 երկրների պետական պատվիրակություններ: Մասնակցություն ունեցավ նաև ՀԱՊԿ-ի պատվիրակությունը

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ  նախագահ Ս. Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀԱՊԿ անդամ երկրների միջպետական ռազմատնտեսական համագործակցության խորհրդի նախագահ Ա. Նոզդրաչովը, ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օ. Բոչկարյովը: Պատվավոր հյուրերի թվում էր նաև Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Բացի ծավալուն ցուցադրական մասից, փակ ցուցադրությունից ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված էր հարուստ գիտագործնական ծրագիր,

 

  • ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի ՀԱՊԿ ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերով կոլեգիայի խորհրդի և ՀՀ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների համատեղ նիստի ձևաչափով,
  • ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ հերթական նիստ ,
  • ՀՀ ՊՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ  «XXI դարի տեխնոլոգիաները ՀՀ Զինված ուժերի զարգացման գործում» վերնագրով,
  • ԵՐԿԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ՊՆ  և ցուցահանդեսին մասնակից երկրների  ընկերությունների հետ /ըստ դիմումների/:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության որոշման համաձայն 3-րդ «ArmHiTec 2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը կանցկացվի «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում 2020 թվականի մարտ ամսին: